AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր նշվում է Երկրի օրը

22/04/2024

«Մոլորակն ընդդեմ պլաստիկի» (Planet vs. Plastics) կարգախոսով է այս տարի նշվում Երկիր օրը։

Նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի խնդիրների վրա, մասնավորապես՝ վճռական գործողություններ ձեռնարկել և դադարեցնել պլաստիկի օգտագործումը հանուն մարդու և մոլորակի առողջության։
Մինչև 2040 թվականը պետք է 60%-ով կրճատել պլաստիկի արտադրությունը, որի վերջնական նպատակն է ստեղծել ապագա առանց պլաստիկի և դադարեցնել մոլորակի այս մասշտաբային աղտոտումը:
Պլաստիկ թափոնների միլիարդավոր տարրերն աղտոտում են օվկիանոսները, լճերը և գետերը, մուտք են գործում նույնիսկ սնունդ, ինչի արդյունքում ուղղակի վտանգ է սպառնում մարդու առողջությանը։

Տարեկան արտադրվում է 380 մլն տոննա պլաստիկ:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) պատվերով՝ գերմանացի գիտնականների կողմից պատրաստված նոր զեկույցում ասվում է, որ մինչև 2050 թվականը համաշխարհային օվկիանոսներում պլաստիկի աղտոտվածությունը կարող է քառապատկվել:
Հետազոտողները պարզել են, որ վտանգավոր շեմից բարձր միկրոպլաստիկ կոնցենտրացիաներ արդեն գրանցվել են Միջերկրական, Արևելաչինական և Դեղին ծովերում, ինչպես նաև Արկտիկայի սառույցներում:

Ժամանակն է որոշել՝ մոլորա՞կ, թե՞ պլաստիկ:


«Երկրի օրն» առաջին անգամ նշվել է 1970թ.-ի ապրիլի 22-ին, երբ միլիոնավոր ամերիկացիներ դուրս եկան փողոցներ՝ աջակցություն հայտնելով բնապահպանական շարժումներին և պահանջելով մաքուր Երկրագունդ: Իսկ ահա Երկրի միջազգային օր հռչակվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Երկրի օրվա հռչակումը մեծամասամբ կապված է եղել համաշխարհային բնակչության թվաքանակի աճի, քաղաքների սահմանների ընդլայնման, տրանսպորտի և արդյունաբերության ծավալների մեծացման, ջրի անխնա օգտագործման և այլ գործոններով պայմանավորված՝ մարդկության բացասական ներգործության հետ, որը հանգեցրել է շրջակա միջավայրի վրա անդառնալի հետևանքների։