AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդերևութաբանությունը գնալով ավելի կարևոր է դառնում բիզնեսի համար

09/04/2024

Եղանակն առանցքային դեր է խաղում ամեն ինչում․ սկսած բերք աճեցնելուց՝ մինչև սիրելի սպորտային թիմի խաղերը դիտելը: Օդերևութաբանների տվյալներն օգտագործվում են մեծ թվով տնտեսական և անվտանգային գործակալությունների կողմից ամբողջ աշխարհում։ Դրանց թիվը գնալով աճում է, քանի որ կյանքեր, ունեցվածք և գումար խնայելը դառնում է առաջնահերթ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված։
Եղանակը սերտորեն կապված է բազմաթիվ ոլորտների գործունեության և նույնիսկ նախասիրությունների հետ:
Weather.com-ը պատրաստել է կարճ ակնարկ այն մասին, թե ինչպես են տնտեսության տարբեր ճյուղերն օգտագործում օդերևութաբանական տվյալներն իրենց գործունեությունը պլանավորելու համար:

Սպորտային միջոցառումների և համերգների կազմակերպիչները բացօթյա միջոցառումներ պլանավորելու համար պետք է տեղյակ լինեն մոտեցող փոթորկի մասին, որպեսզի ապահովեն մարդկանց անվտանգությունը: Վատ եղանակով պայմանավորված՝ նրանք կարող են հետաձգել միջոցառումը կամ կարող են տարհանել ավելի քան 100 000 մարդ տեղավորող մարզադաշտը:
Ավիացիան մեծապես կախված է եղանակից։ Թեև ավիացիան և օդերևութաբանությունը նույնը չեն, բայց մարդիկ, ովքեր աշխատում են այս ոլորտներում, պատկանում են «նույն ընտանիքին»: Եղանակը պատճառ է դառնում թռիչքների ուշացումների ավելի քան 70% դեպքերում (ամպրոպի, մերկասառույցի, տուրբուլենտության, տեսանելիության վատացման կամ մառախուղի ժամանակ):

Գյուղատնտեսություն. 2023 թվականին ԱՄՆ գյուղատնտեսական արդյունաբերությունն, ըստ Ամերիկյան ֆերմերային բյուրոյի ֆեդերացիայի, ունեցել է մոտ 22 միլիարդ դոլար բերքի կորուստ՝ եղանակային վատ պայմանների և բնական աղետների պատճառով: Սա նշանակում է, որ ֆերմերները պետք է ուշադիր հետևեն եղանակային պայմաններին և իմանան, թե ե՞րբ և ի՞նչ անել բերքը պաշտպանելու համար: Ֆերմերները պետք է հետևեն ինչպես ամենօրյա, այնպես էլ երկարաժամկետ եղանակային կանխատեսումներին, ինչպես նաև ուշադրություն դարձնեն այնպիսի գործոնների, ինչպիսիք են արևափայլի տևողությունը, ջերմաստիճանը, խոնավությունը, տեղումները և երաշտը:

Էներգետիկա. Էլեկտրաէներգիան կենսական նշանակություն ունի մարդկանց համար, հատկապես ջերմային տաք և ցուրտ ալիքների ժամանակ։ Սակայն նույն եղանակային պայմանները, որոնք խթանում են էլեկտրաէներգիայի պահանջարկը, կարող են նաև հանգեցնել էլեկտրաէներգիայի անջատումների: Էներգետիկ ընկերությունները նույնպես պետք է ուշադիր հետևեն քամոտ և ամպրոպային եղանակին, որը կարող է հանգեցնել էլեկտրահաղորդակցման գծերի խափանմանը և անտառային հրդեհների:

Տիեզերք. Վերջին տարիներին NASA-ն ընդլայնել է իր ծրագիրը՝ մարդկանց ուղարկելով տիեզերք և պատրաստելով վայրէջք կատարել Լուսնի վրա: Սակայն եղանակային պայմանները կարող են չեղարկել արձակումը թռիչքից ընդամենը մի քանի վայրկյան առաջ: Ֆլորիդայում SpaceX-ը և NASA-ն հաճախ հրթիռներ են արձակում Քենեդու տիեզերական կենտրոնից և Քեյփ Կանավերալ տիեզերակայանից, սակայն ԱՄՆ տիեզերական ուժերի օդերևութաբանական ծառայությունը նախքան տիեզերանավի օդ բարձրանալը պետք է թույլատրի արձակումը։