BAT/BEP

Տեղի է ունեցել վտանգավոր նյութերի և թափոնների կանոնակարգմանն ուղղված ծրագրի ներածական աշխատաժողով

02/09/2015

Երևանում 2015թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրին նվիրված ներածական աշխատաժողովը:  
Աշխատաժողովի ընթացքում նշվել է, որ ներկայիս գլոբալ հիմնախնդիրներից մեկը, որը սերտորեն կապակցված է կայուն զարգացման ապահովման խնդրի հետ, շրջակա միջավայրի և բնակչության պաշտպանությունն է կայուն օրգանական աղտոտիչների և հատկապես դիօքսինների և ֆուրանների ազդեցությունից:
Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը խնդրի լուծման ուղղությամբ և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության հետ համագործակցության դրական փորձը` ծրագրի ղեկավար տիկին Կարմելլա Սենտենոն ակտիվ ու արդյունավետ աշխատանք և ծրագրի բարեհաջող իրականացում է մաղթել:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի (2003թ.) կոնվենցիայի պարտավորությունների` կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով:
Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատաբար արագ եղանակն է, սակայն շրջակա միջավայրում դիօքսինների զգալի աղբյուր է:
Բաց այրումը միշտ ուղեկցվում է ծխով և տհաճ հոտով, և առաջանում են մի շարք այնպիսի վտանգավոր նյութեր (դիօքսիններ, ֆուրաններ, պոլիքլորացված բիֆենիլներ, հեքսաքլորբենզոլ), որոնք թերի այրման արգասիքներ են և կարգավորվում են Ստոկհոլմի կոնվենցիայով:   
Այս հիմնախնդիրը արդիական է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ հանրապետությունում բացակայում են թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարաններ, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոններ:
Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, քանի որ նոր պոլիգոնների ստեղծումը կպահանջի ժամանակ և ներդրումներ, ծրագիրը կոչված է ցուցադրելու, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների կիրառման դեպքում ավելի լավ կառավարել հին աղբավայրերը` կտրուկ նվազեցնելով հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները, միևնույն ժամանակ ակնկալելով նոր առաջնակարգ պոլիգոնների ստեղծում: