BAT/BEP

Ուսուցողական աշխատաժողով՝ նվիրված գործող աղբավայրերի արդյունավետ կառավարման կազմակերպմանը՝ ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների միջոցով

21/07/2016

Սույն թվականի հուլիսի 21-ին "Անի Պլազա" հյուրանոցում մեկնարկել է բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված  "Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար" ուսուցողական երկօրյա աշխատաժողովը: Ուսուցողական աշխատաժողովին մասնակցում են թափոնների կառավարման ոլորտին առնչվող ներկայացուցիչներ՝ հրավիրված ՀՀ բոլոր մարզերից, բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժիններից, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ:
\Ի կատարումն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված "Կայուն օրգանական աղտոտիչների մասին" Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների, կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով:
Ինչպես նշել է Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ տիկին Անահիտ Ալեքսանդրյանը, ներկայիս գլոբալ հիմնախնդիրներից մեկը, որը սերտ կապակցված է կայուն զարգացման ապահովման խնդիրների հետ, շրջակա միջավայրի և բնակչության պաշտպանությունն է կայուն օրգանական աղտոտիչների և հատկապես՝ դիօքսինների և ֆուրանների ազդեցությունից:
Շատ գիտնականներ դիօքսինները համարում են գերթունավոր նյութեր, իսկ մարդկության համար դրանց ներկայացրած սպառնալիքը` "դանդաղ զարգացող աղետ":
Այս ծրագիրը նպատակաուղղված է դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը բաց այրման աղբյուներից:
Աղբավայրերի տարածքում կենցաղային և արտադրական թափոնների բաց այրումը շրջակա միջավայրում դիօքսինների հիմնական աղբյուր է: Այդ հարցը արդիական է մեր երկրի համար, քանի որ հանրապետությունում բացակայում են թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարաններ, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոններ:
Քանի որ նոր աղբավայրերի և պոլիգոնների ստեղծումը կպահանջի ժամանակ և ներդրումներ, ուստի սույն ծրագիրը կոչված է ցուցադրելու, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների և համապատասխան ֆինանսավորման սխեմաների առկայության դեպքում ավելի լավ կառավարել հին աղբավայրերը` կտրուկ նվազեցնելով հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները, միևնույն ժամանակ ակնկալելով նոր առաջնակարգ պոլիգոնների ստեղծում:
Ուսուցողական աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ տիկին Էվելին Լաուրիտոյի կողմից կներկայացվեն կոշտ կենցաղային թափոնների ինտեգրված կառավարման առավելությունները, ոլորտի մարտահրավերները, առաջացող թափոնների ծավալների նվազեցմանը և կանխարգելմանը նպատակաուղղված միջոցառումները, ինչպես նաև "Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պլանի" նկարագիրը: