AM RU EN

Համգործակցություն ՀԿ-ների հետ

Առցանց սեմինար վտանգավոր քիմիական նյութերի, շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա սնդիկի ազդեցության և դրանց վտանգների կանխման վերաբերյալ

17/06/2020

2020թ.-ի հունիսի 16-ին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ, անցկացրեց առցանց սեմինար-քննարկում` նվիրված Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների, պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների)), ինչպես նաև Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությանը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա և սպառնացող վտանգների կանխմանը:
Առցանց սեմինարն անցկացվեց ԶՈՒՄ (Zoom) հարթակում, որին մասնակցում էր բնապահպանական խնդիրներով մտահոգ թվով 20 մարդ` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) հետազոտությունների կենտրոնի պետը, ՃԿՊԱ–ի վերապատրաստման ֆակուլտետի, փրկարարական ֆակուլտետի, էկոլոգիա առարկայի դասախոսներ և ուսանողներ, Երևանի պետական համալսարանի դասախոսներ և ուսանողներ, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը, «Ակվամարին» ՀԿ-ի նախագահը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի բնապահպանական կրթության ծրագրի ղեկավարը, «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահը, «Սիրիահայերի միություն» ՀԿ ծրագրերի ղեկավարը, «Կյանքի գույներ» ՀԿ–ի նախագահը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը և այլ անձինք։

I. Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, վտանգների կանխումը
Թեման ներկայացրեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի աշխատակցուհի Սվետլանա Աբրահամյանը։ Նա թվարկեց սնդիկ պարունակող այն ապրանքները, որոնք լայն կիրառություն ունեն կենցաղում՝ ջերմաչափեր, ճնշման չափման գործիքներ, ջերմակարգավորիչներ, մաշկը սպիտակեցնող քսուքներ, կոմպակտ լյումինեսցենտային լամպեր, ցերեկային լյումինեսցենտային լամպեր և այլն: Այնուհետև նշեց սնդիկով սուր և քրոնիկ թունավորման ախտանշանները: Ցուցադրեց սնդիկով թունավորման դեպքում լյարդի, երիկամների, սրտի և բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտաբանական (պաթոլոգիական) փոփոխությունները:
Սվետլանա Աբրահամյանը նշեց, որ Մինամատայի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2013 թ.-ի հոկտեմբերի 10-ին, վավերացրել է 2017 թ.-ի դեկտեմբերի 13-ին, և հավելեց նաև, որ այն ուժի մեջ է մտել 2018 թ.-ի մարտի 13-ին:
Այնուհետև հակիրճ պատմեց կազմակերպության իրականացրած լամպերի հետազոտության մասին, թվարկեց շիկացման, լյումինեսցենտային և ԼԱԴ լամպերի թերություններն ու առավելությունները և նշեց, որ սնդիկ պարունակող էներգախնայող կամ կոմպակտ լյումինեսցենտային լամպերը կոտրվելիս կարող են առաջանալ առողջական խնդիրներ, քանի որ սնդիկի գոլորշիներն արագ արտանետվում են օդ, և, շնչուղիներով մտնելով մարդու օրգանիզմ, առաջին հերթին ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա:
Կարևորելով սնդիկի թունավորման կանխումը, նշվեց, որ նախ անհրաժեշտ է մարդկանց և կենդանիներին տարհանել տարածքից, բացել պատուհաններն առնվազն 30 րոպե, փակել դռները` մյուս սենյակներ աղտոտված օդի թափանցումը կանխելու համար: Եվ մինչ սենյակն օդափոխվում է, նախապատրաստվել մաքրման և վնասազերծման աշխատանքներին` չմոռանալով պաշտպանվել թունավորումից՝ օգտագործելով ձեռքի տակ եղած պաշտպանիչ միջոցները՝ ռետինե ձեռնոցներ, շնչադիմակ (ռեսպիրատոր), հողաթափերի վրա հագնելով միանվագ օգտագործման բախիլներ։ Ինչ վերաբերում է մեխանիկական մաքրմանը, նա նշեց, որ հարկավոր է նախապատրաստել մաքրման և հավաքման, հերմետիկ տեղադրման միջոցները՝ հաստ թուղթ, համապատասխան չափի ցանկացած կոնտեյներ (փակվող կափարիչով տարա և այլն), սպունգ կամ պարզապես խոնավ կտոր, հաստ պլաստիկ տոպրակ և կպչուն ժապավեն:
Բանախոսը հավելեց նաև, որ քիմիական վնասազերծման համար սպունգով կամ լաթով պետք է լվանալ բոլոր մակերեսները նախապես պատրաստված վերը նշված որևէ լուծույթով, ինչպես նաև բոլոր օգտագործված առարկաները հարկավոր է տեղադրել տոպրակում, բերանը ամուր փակել և հեռացնել լամպի բեկորների հետ միասին:
Այնուհետև Սվետլանա Աբրահամյանը ցուցադրեց սնդիկ պարունակող ապրանքներին փոխարինող այլընտրանքային` սնդիկ չպարունակող արտադրանքները և ցուցադրեց, թե ինչպես են դրանք աշխատում: Հատկապես կանգ առավ թվային ջերմաչափի և ճնշման չափման գործիքի աշխատանքի վրա` նշելով դրանց հարամարավետությունն ու անվտանգությունը:
Սեմինարի մասնակիցներին տրամադրվեցին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ։

II. ԿՕԱ-ների (մասնավորապես` ՊՔԲ-ների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, դրանց վտանգների կանխումը
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» աշխատակցուհի Մարիամ Քեշիշյանը նշեց, որ ՊՔԲ-ները յուղեր և պինդ նյութեր են, որոնք չունեն համ, հոտ և գույն:
Նա նշեց, որ ՊՔԲ – ները հրակայուն են, ունեն ցածր էլեկտրահաղորդականություն, բարձր դիմադրողականություն ջերմային աղեղնակին, բարձր քիմիական կայունություն և կայունություն շատ օքսիդիչների և այլ քիմիական նյութերի նկատմամբ:
Նշեց, որ ՊՔԲ – ները հանդիպում են փակ, մասամբ փակ և բաց համակարգերում:
Այն սարքավորումները, որտեղից ՊՔԲ-ների արտահոսք տեղի չի ունենում, պատկանում են փակ համակարգերի խմբին: Այդ սարքավորումների թվին են պատկանում`

  1. էլեկտրական տրանսֆորմատորները, յուղային անջատիչները, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորները,
  2. էլեկտրական կոնդենսատորներն, այդ թվում`
    ա. ուժային կոնդենսատորները` էներգաբաշխման համակարգերում
    բ. լամպերի բալաստային դիմադրությունը,
    գ. սառնարանային շարժիչները, տաքացնող համակարգերը, օդորակիչները, ֆեները, ջրի պոմպերը և այլ տեսակով աշխատեցնող կոնդենսատորները,
    դ. էլեկտրոնային սարքավորման կոնդենսատորները, ներառյալ` հեռուստատեսային ընդունիչները և միկրոալիքային վառարանները,
  3. էլեկտրաշարժիչները (հեղուկային սառեցմամբ որոշ հատուկ շարժիչներում օգտագործման պակաս կարևոր տեսակ),
  4. էլեկտրամագնիսները (հեղուկային սառեցմամբ որոշ զտիչային կամ զտիչային մագնիսներում օգտագործման պակաս կարևոր տեսակ):

ՊՔԲ-ների արտահոսքը վերը նշված սարքերից հնարավոր է միայն դրանց վրա գոյացած ճաքերի կամ բացվածքների դեպքում:
Մասնակի փակ համակարգերի խմբին են պատկանում ջերմահաղորդման և հիդրավլիկ համակարգերը, ինչպես նաև վակուումային պոմպերը: Այս սարքավորումների հեռացման ժամանակ հնարավոր է ՊՔԲ-ների արտահոսք մթնոլորտային օդ և ջրային ռեսուրսներ:
Բաց համակարգերի խմբին պատկանում են այնպիսի նյութեր, որոնց բաղադրությունում առկա են ՊՔԲ-ները: Այս նյութերից ՊՔԲ-ները հեշտությամբ կարող են թափանցել շրջակա միջավայրի տարբեր օբյեկտներ, ինչը խիստ վտանգավոր է:
Այդ նյութերի խմբին են պատկանում պլաստիֆիկատորները, որոնք օգտագործվում են պոլիվինիլքլորիդում, նեոպրենում և այլ քլորացված ռետիններում:
ՊՔԲ-ներն օգտագործվում են ներկերում որպես անտիպիրեն (հրակայուն նյութ), սոսնձում` որպես պլաստիֆիկատոր (փափկացնող նյութ) և իրերի մակերևույթների ծածկերում` հրակայունություն հաղորդելու համար:
Մարիամ Քեշիշյանն այնուհետև ներկայացրեց ՊՔԲ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի վրա` նշելով, թե ինչ պետք է անել ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների հետ։
ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքերի հայտնաբերման դեպքում իրականացվում է՝

  1. ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների ուսումնասիրություն,
  2. Շահագործման համար ոչ պիտանի ՊՔԲ պարունակող սարքավորումների տեղադրում տարաներում, պիտակավորում, գրանցում: Սարքավորման վնասվածքի և ՊՔԲ պարունակող յուղերի արտահոսքի դեպքում` յուղերի դատարկում համապատասխան տարայում և կապարակնքում, սարքի բացվածքի հերմետիկ փակում, փաթեթավորում և պիտակավորում՝ թե´ յուղը լցված տարայի և թե' սարքավորման:
  3. Փաթեթավորված և պիտակավորված սարքերի, տարաների տեղափոխում,
  4. Դրանց պահեստավորում վտանգավոր նյութերի ժամանակավոր պահեստում, գրանցում մատյանում
  5. Ոչնչացում

Այն հողատարածքը, որն աղտոտվել է ոչ պիտանի սարքերից ՊՔԲ-ներ պարունակող յուղերի արտահոսքի հետևանքով, ենթարկվում է հետազոտության ՊՔԲ-ների պարունակության նկատմամբ։ Եթե հողերն աղտոտված են, ապա իրականացվում է աղտոտված շերտի հեռացում և վնասազերծում:
Մարիամ Քեշիշյանը նշեց ՊՔԲ–ների վերջնական հեռացման մեթոդները։ Դրանք հետևյալն են`

հեղուկ թափոնների դեպքում՝

  • ջրածնավորում,
  • գոլորշիացում՝ բարձր ջերմաստիճանային այրում (>1100 °C),
  • գազաֆիկացում,

կոշտ թափոնների դեպքում՝

  • ստորգետնյա թաղում (մշտական հերմետիկացման համակարգով պահեստարաններ),
  • քիմիական քլորազրկում (նատրիումական պրոցես),
  • էլեկտրաքիմիական մշակում` արծաթի նիտրատի կիրառմամբ,
  • պիրոլիզ պլազմային աղեղում՝ այրում։

III. ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, դրանց վտանգների կանխումը
Փորձագետ Քնարիկ Գրիգորյանն անդրադարձավ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիային, որը Հայաստանը ստորագրել է 2001թ.-ին և վավերացրել է 2003 թ.-ի հոկտեմբերի 22-ին։ Այն ուժի մեջ է մտել 2004 թ.-ի մայիսի 17-ին: Կոնվենցիայի նպատակն է հրաժարվել կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ–ներ) օգտագործումից և կանխել դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա: Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ կայուն օրգանական աղտոտիչները (ԿՕԱ-ներ) քիմիական միացություններ են, որոնք կայուն են, օժտված են կենսակուտակման և իրենց սկզբնական աղբյուրներից մեծ հեռավորությունների վրա տարածվելու հատկությամբ:
Փորձագետն այնուհետև ներկայացրեց, թե որ քիմիական միացություններից է հարկավոր հրաժարվել, և ըստ նշանակության կամ ծագման ԿՕԱ-ներն ինչպիսի կատեգորիաների են պատկանում։:
Փորձագետը նշեց, որ գոյություն ունի ԿՕԱ–ների 3 կատեգորիա`

I. թունաքիմիկատներ (պեստիցիդներ)`ալդրին, դիլդրին, էնդրին, ԴԴՏ, քլորդան, հեպտաքլոր, հեքսաքլորբենզոլ (ՀՔԲ), միրեքս, տոքսաֆեն,
II. արդյունաբերական քիմիական նյութեր և միացություններ` պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ), հեքսաքլորբենզոլ (ՀՔԲ),
III. այրման և ոչ կանխամտածված արտադրության կողմնակի արգասիքներ` դիօքսիններ (պոլիքլորացված դիբենզոդիօքսիններ (ՊՔԴԴ)), ֆուրաններ (պոլիքլորացված դիբենզոֆուրաններ (ՊՔԴՖ)), պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ) և հեքսաքլորբենզոլ (ՀՔԲ )։

Նա տեղեկացրեց, որ ԿՕԱ-ները կուտակվում են մարդու օրգանիզմում և կարող են առաջացնել առողջական լուրջ խնդիրներ: Դրանք ազդում են մարսողական, իմունային, շնչառական, միզասեռական և էնդոկրին համակարգերի վրա:
Փորձագետը նշեց, որ չնայած 1980-ական թվականներից ԴԴՏ չի օգտագործվել Հայաստանում մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարելու համար, այնուամենայնիվ, տարիներ առաջ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի կողմից Արարատի մարզում իրականացված հետազոտության արդյունքում կրծքով կերակրող մայրերի կրծքի կաթի նմուշներում հայտնաբերվել են ԴԴՏ-ի քանակներ, իսկ մի քանի տարի անց կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ դրանց քանակը մոտ 3 անգամ նվազել է: Սա խոսում է այն մասին, որ հողում դեռ կան ԴԴՏ-ի մնացորդային քանակներ, որոնք էլ անցնում են մարզի բնակիչների օրգանիզմ և կարող են վնասել նորածիններին` առաջ բերելով զարգացման և աճի լուրջ խանգարումներ:
Դա է պատճառներից մեկը, որ նոր սերունդը դառնում է ավելի խոցելի:
ԿՕԱ-ները վտանգավոր են

  • և´ այն մարդկանց համար, ովքեր աշխատում ու ապրում են այնտեղ, որտեղ արտադրվել կամ օգտագործվել են ԿՕԱ-ներ,
  • և' այն մարդկանց համար, որոնք անմիջականորեն ենթարկվել են այդ նյութերի ազդեցությանը ներշնչման, մաշկի հետ շփման և սննդի ընդունման միջոցով:

Փորձագետը նշեց, որ ԿՕԱ-ների մնացորդային քանակություններն աղտոտում են մշակաբույսերը և դրանցով սնվողներին: Երկար հեռավորությունների վրա տարածվելու հատկության շնորհիվ, ԿՕԱ-ները կուտակվում են նույնիսկ այն ձկների, թռչունների և կաթնասունների օրգանիզմներում, որոնք շատ հեռու են գտնվում ԿՕԱ-ների օգտագործման կամ արտադրության վայրից:
Վայրի բնությունում արձանագրված են ԿՕԱ-ների հետ կապված այնպիսի լուրջ շեղումներ, ինչպիսին են` թռչունների խաչաձև կտուցները, կենդանիների ծուռթաթությունը, նորագոյացությունները և այլ օրգանների ախտահարումները: Իսկ այն շեղումները, որոնք հետևանք են շրջակա միջավայրի վրա ԿՕԱ-ների ցածր խտությամբ ազդեցության, սովորաբար դժվար տարբերակելի ու աննկատ են անհատի մակարդակում, սակայն դրանք լուրջ հետևանքներ են ունենում պոպուլյացիայի մակարդակում:
Խոսվեց նաև այն մասին, որ միևնույն թունաքիմիկատների երկարաժամկետ օգտագործումն իջեցնում է դրա ազդեցությունը վնասատուի նկատմամբ, քանի որ վնասատուն ձեռք է բերում դիմացկունություն տվյալ նյութի նկատմամբ:
ԿՕԱ-թունաքիմիկատներ օգտագործելիս, դրանք ոչնչացնում են ոչ միայն այն օրգանիզմներին, որոնց համար այդ նյութերը նախատեսված են, այլև սպանում են օգտակար միջատներին, թռչուններին, ձկներին և այլ օրգանիզմների:
Փորձագետն անդրադարձավ նաև ներկայումս օգտագործվող թունաքիմիկատների հետ կապված մի շարք հիմնախնդիրների պարզաբանմանը՝ դրանց պիտակավորման, ճիշտ ընտրության, փոխադրման, պահեստավորման, թունաքիմիկատներով մշակման ժամանակ անվտանգության կանոնների ապահովմանը, անհատական պաշտպանիչ միջոցների կիրառմանը և մնացորդային քանակների ոչնչացմանը:
Փորձագետը խոսեց նաև մշակաբույսերի այլընտրանքային բուժման և պարարտացման եղանակների մասին:
Բնապահպանական հիմնախնդիրների շուրջ ծավալվեց հետաքրքիր քննարկում, ընթացքում բարձրացրած հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Սեմինարի մասնակիցներին տրամադրվեցին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ։

Վերջում սեմինարի մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը և նշեցին, որ մինչ այդ լյումինեսցենտային լամպերի ու պոլիքլորացված բիֆենիլների վերաբերյալ զեկույցներ երբևէ չէին լսել։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի մասնագետները շնորհակալություն հայտնեցին Երևանի Օրհուս կենտրոնին սեմինարի կազմակերպմանն աջակցելու համար։